Առաջին անգամ էի զեկուցում, մի փոքր հուզված էի. Հակոբ Սիմիդյանը՝ ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ժպտալու մասին

հեղինակ - admin

«Իմ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ չպետք է տար»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի ամբիոնից իր զեկույցին, որի ընթացքում նա մերթընդմերթ ժպտում էր:

«Ես չգիտեի, որ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ։ Առաջին անգամ էի զեկուցում, մի փոքր հուզված էի։ Շատ տարատեսակ մեկնաբանություններ եղան, որոնք անհասկանալի էին՝ ինչու»,- ասաց Սիմիդյանը։

Խոսելով նախարարությունում կադրային փոփոխությունների մասին՝ Սիմիդյանը հստակեցրեց՝ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմում իր նշանակումից հետո որևէ փոփոխություն չի եղել:

«Ոչ մի փոփոխություն անելու նպատակ չունեմ։ Նախարարությունում բազմաթիվ են ոլորտները, այն բավական մեծ է, անընդհատ փորձում եմ տեղեկություններ հավաքել»,- նշեց նա։

Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշումներ կա՞ն իր և մյուս նախարարների վրա, Հակոբ Սիմիդյանն ասաց. «Մեր Կառավարությունում նման բան գոյություն չունի: Երբ որևէ քննություն է լինում, լինում են կադրային փոփոխություններ, մեկնաբանում են, թե արագ են լինում փոփոխությունները: Երբ դրանք չեն լինում, ասում են՝ քննություն անո՞ւմ եք»,- ասաց նախարարը:

Այլ Գրառումներ