2020 թվականին մեզ ծվեն-ծվեն էին անում. վարչապետը՝ հունվարի 22-ից գործող կարգի մասին

հեղինակ - admin

Հայաստանին է մոտենում կորոնավիրուսային համավարակի հերթական ալիքը: Այսօր այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երեկվա համեմատ՝ կորոնավիրուսի դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ սա նշանակում է, որ «օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ:

«Մենք 4-5-րդ օրն անընդմեջ ամենօրյա վարակվածության էական աճ ենք ունենում: Պետք է կրկին վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակին»,- ասաց նա:

Վարչապետն անդրադարձավ նաև բոլոր այն քննադատություններին, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին: Փաշինյանի խոսքով՝ այդ քննադատությունները որևէ հիմք չունեն:

«Աշխարհում առաջիններից ենք, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Այս դահլիճում ահավոր ծանր քննարկումներ ենք ունեցել այդ թեմայով: Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բիզնեսները նորից 1 ամսով փակվեն ու այլևս վերականգնվելու հույս չունենան: Սահմանափակումները, որ մտել են ուժի մեջ, մեր տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն դրանց իրականացմանը: Խոսքը հանրային սննդի և ժամանցի վայրերում միայն պատվաստված կամ բացասական թեստ ունեցող քաղաքացիների մուտքի թույլտվության մասին է: Պատասխանատուն տնտեսվարողն է: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերի համար»,- ասաց նա:

Փաշինյանն արձանագրեց, որ հունվարի 22-ից գործող կարգը ճիշտ որոշում է: «2020 թվականին որոշ շրջանակներ մեզ ծվեն-ծվեն էին անում, թե ՀՀ-ում չի կառավարվում քովիդ իրավիճակը: Վերադարձեք և մինչև այսօր հետևեք մեր և համեմատելի երկրներում հիվանդության դինամիկային»,- նշեց Կառավարության ղեկավարը:

Այլ Գրառումներ