103 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը

հեղինակ - admin

103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը:

Նա Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից՝ 84 տարի շարունակ, հարմոնիա է դասավանդել:

Մարիամ Տոնյանը կենսախինդ, առույգ կին էր, որը բազմիցս էր նշել, որ չէր կարողանա երկար ապրել առանց իր սիրելի աշխատանքի:

2019 թվականին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ նշվեց կրթօջախի վաստակաշատ ուսուցչուհու 100-ամյակը, նույն օրն էլ ՀՀ վարչապետի միջնորդությամբ ԿԳՄՍ նախարարությունը Տոնյանին պարգևատրեց Երախտագիտության մեդալով:

Մարիամ Տոնյանը եղել է Սիլվա Կապուտիկյանի համադասարանցին, լեզվաբան Հրաչյա Աճառյանը նրան նվիրված ակրոստիքոսներ է գրել:

Նրա հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Արշակ Տոնյանը, ստալինյան բռնապետության ժամանակներում աքսորվել է և այլևս չի վերադարձել։ Հետագայում աքսորվել է նաև Մարիամ Տոնյանի ամուսինը՝ երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը:

Վաստակաշատ ուսուցչուհին ունի 3 երեխա, 7 թոռ, 10 ծոռ և մեկ կոռ (թոռան թոռ)։

Այլ Գրառումներ