Թերությունները գնահատման ամբողջ համակարգի մեջ է․ ինչ են առաջարկում ուսուցիչները

հեղինակ - admin

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական անգամ հանդես էր եկել հրապարակումով գնահատման համակարգի և մասնավորապես կիսամյակային  թեմատիկ աշխատանքների գնահատման մեթոդների փոփոխության անհրաժեշտության մասին: Հաղորդագրության մեջ փոխնախարարը ընդգծել էր,որ վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը՝  պետք է վերանայել կոնկրետ թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու կարգից, հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների գնահատման մոտեցումից և  սովորողի կիսամյակը նշանակել ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով, ինչպես նաև այն, որ երբ  սովորողը բացակայության պատճառով չի գրում թեմատիկ աշխատանքը սահմանված օրը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը։ Փոխնախարարը հրապարակումը եզրափակել էր մանկավարժներին ուղղված հարցադրումներով, թե ինչ դիրքորոշում ունեն բարձրացրած խնդրի վերաբերյալ, նաև՝ ինչ այլ փոփոխությունների կարիք են տեսնում:

«Շատ ուրախ եմ, որ վերջապես փոխնախարարը նկատել և անդրադարձել  է խնդրին, որովհետև այդ մասին շատ վաղուց  պարբերաբար  բարձրաձայնել ենք, սակայն լսող չի եղել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում  ասում է աշխարհագրության ուսուցչուհի Քրիստինե Բեժանյանը:

Սակայն, ըստ Բեժանյանի, ԿԳՄՍ-ի փոխնախարն  անդրադարձել է միայն  գնահատման մեխանիկական կողմին, որովհետև  օնլայն գրանցումը սրացրել, ակնհայտ է դարձրել  առկա խնդիրները, մինչդեռ  իրականում խնդիրը  շատ ավելի խորքային է. բազմաթիվ թերություններով լի գնահատման ամբողջ համակարգի մեջ է: Ուսուցչուհին, ի պատասխան փոխնախարարի հարցադրման, նշեց, որ, իր կարծիքով, կիսամյակի ընթացքում թեմաների ամփոփում պիտի կատարվի, և թեմատիկ աշխատանքները պիտի պահպանվեն,պարզապես  գնահատականները ստացվեն միջինից:  «Ինչ վերաբերվում է կիսամյակային ամփոփիչ աշխատանքին,այս հարցում խնդրահարույց է այն, որ  միաժամանակ տարբեր առարկաներից  ընդարձակ թեստեր են  հեղվում աշակերտների գլխին, ինչն, ըստ ինձ, անհիմն է, մանկավարժական տեսանկյունից  ճիշտ չէ, քանի որ արդյունքում ստացվում է, որ կատարված մեծածավալ աշխատանքն իմաստազուրկ է»,-ընդգծում է Բեժանյանը: Նրա համոզմամբ՝ նախարարության կողմից հաստատված  կիսամյակային ամփոփիչ աշխատանքները պիտի լինեն ոչ թեստային, ընդհանրացված, շատ լավ մշակված, իսկ արդյունքն էլ միջինով հաշվարկվի, ոչ թե ընդհանուր թվանշանների այլ միայն թեմատիկների հետ: Ուսուցչուհու խոսքով՝ շատ ավելի բարդ իրավիճակ է շաբաթական մի ժամանոց առարկաների դեպքում, որոնց համար սահմանված 17 ժամում շատ դժվար է թեմատիկ ու կիսամյակային անցկացնել և այս հարցում  պետք է  ինչ-որ բան փոխել: Ուսուցչուհին,սակայն, կարծում է, որ այսպիսի խնդիրները  ֆեյսբուքյան առաջարկություններով չպիտի քննարկվեն, լուծվեն, այլ  պիտի փորձագետների խումբ աշխատի, խոշորացույցով ամեն ինչ ստուգվի, նաև  հաշվի առնվի մարզերի ,գյուղական դպրոցների ու քաղաքի դպրոցների առանձնահատկությունները: «Մի խոսքով՝մենք պատրաստ ենք փորձարկել նախարարության ընդունած որոշումները, միայն թե դա չարվի ծնկան ծերին, ֆեյսբուքյան առաջարկություններով,այլ ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք լուրջ կզբաղվեն գնահատման հարցերով»,-ընդգծեց Բեժանյանը:

Այլ Գրառումներ