ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական անգամ հանդես էր եկել հրապարակումով գնահատման համակարգի և մասնավորապես կիսամյակային թեմատիկ աշխատանքների գնահատման մեթոդների փոփոխության անհրաժեշտության մասին: Հաղորդագրության մեջ փոխնախարարը ընդգծել էր,որ վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը՝ պետք է վերանայել կոնկրետ թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու կարգից, հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների գնահատման մոտեցումից և սովորողի կիսամյակը նշանակել ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով, ինչպես նաև այն, որ երբ սովորողը բացակայության պատճառով չի գրում թեմատիկ աշխատանքը սահմանված օրը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը։ Փոխնախարարը հրապարակումը եզրափակել էր մանկավարժներին ուղղված հարցադրումներով, թե ինչ դիրքորոշում ունեն բարձրացրած խնդրի վերաբերյալ, նաև՝ ինչ այլ փոփոխությունների կարիք են տեսնում:
«Շատ ուրախ եմ, որ վերջապես փոխնախարարը նկատել և անդրադարձել է խնդրին, որովհետև այդ մասին շատ վաղուց պարբերաբար բարձրաձայնել ենք, սակայն լսող չի եղել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասում է աշխարհագրության ուսուցչուհի Քրիստինե Բեժանյանը:
Սակայն, ըստ Բեժանյանի, ԿԳՄՍ-ի փոխնախարն անդրադարձել է միայն գնահատման մեխանիկական կողմին, որովհետև օնլայն գրանցումը սրացրել, ակնհայտ է դարձրել առկա խնդիրները, մինչդեռ իրականում խնդիրը շատ ավելի խորքային է. բազմաթիվ թերություններով լի գնահատման ամբողջ համակարգի մեջ է: Ուսուցչուհին, ի պատասխան փոխնախարարի հարցադրման, նշեց, որ, իր կարծիքով, կիսամյակի ընթացքում թեմաների ամփոփում պիտի կատարվի, և թեմատիկ աշխատանքները պիտի պահպանվեն,պարզապես գնահատականները ստացվեն միջինից: «Ինչ վերաբերվում է կիսամյակային ամփոփիչ աշխատանքին,այս հարցում խնդրահարույց է այն, որ միաժամանակ տարբեր առարկաներից ընդարձակ թեստեր են հեղվում աշակերտների գլխին, ինչն, ըստ ինձ, անհիմն է, մանկավարժական տեսանկյունից ճիշտ չէ, քանի որ արդյունքում ստացվում է, որ կատարված մեծածավալ աշխատանքն իմաստազուրկ է»,-ընդգծում է Բեժանյանը: Նրա համոզմամբ՝ նախարարության կողմից հաստատված կիսամյակային ամփոփիչ աշխատանքները պիտի լինեն ոչ թեստային, ընդհանրացված, շատ լավ մշակված, իսկ արդյունքն էլ միջինով հաշվարկվի, ոչ թե ընդհանուր թվանշանների այլ միայն թեմատիկների հետ: Ուսուցչուհու խոսքով՝ շատ ավելի բարդ իրավիճակ է շաբաթական մի ժամանոց առարկաների դեպքում, որոնց համար սահմանված 17 ժամում շատ դժվար է թեմատիկ ու կիսամյակային անցկացնել և այս հարցում պետք է ինչ-որ բան փոխել: Ուսուցչուհին,սակայն, կարծում է, որ այսպիսի խնդիրները ֆեյսբուքյան առաջարկություններով չպիտի քննարկվեն, լուծվեն, այլ պիտի փորձագետների խումբ աշխատի, խոշորացույցով ամեն ինչ ստուգվի, նաև հաշվի առնվի մարզերի ,գյուղական դպրոցների ու քաղաքի դպրոցների առանձնահատկությունները: «Մի խոսքով՝մենք պատրաստ ենք փորձարկել նախարարության ընդունած որոշումները, միայն թե դա չարվի ծնկան ծերին, ֆեյսբուքյան առաջարկություններով,այլ ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք լուրջ կզբաղվեն գնահատման հարցերով»,-ընդգծեց Բեժանյանը:
