Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Թագուհի Թովմասյանի եղբոր՝ համայնքային հողի վրա կառուցած ինքնակամ շինությունը պետք է քանդվեր, սակայն Վարչական դատարանը չեղարկել է որոշումը ու արգելել ապամոնտաժումը

հեղինակ - admin

2020 թվականի նոյեմբերի 16-ին Երևանի քաղաքապետը որոշում էր կայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի հ.123/7 հասցեում գտնվող շինությանը կից տարածքում ինքնակամ կառուցված շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու մասին։ 

Խոսքը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի եղբոր՝ Պետրոս Թովմասյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա առանց շինթույլտվության կատարված շինարարության մասին է։ Ի դեպ, այդ հասցեում է գրանցված Թովմասյանի եղբոր «Թովմաս բիըր» գործարանը։

Ըստ քաղաքապետի որոշման՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի հ.123/7 հասցեում գտնվող շինությանը կից տարածքում քաղաքացի Պետրոս Թովմասյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու հողօգտագործման իրավունքի, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում իրականացվել են քարե շարվածքով պատի կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց): Նշված իրավախախտման փաստի կապակցությամբ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության դրույթներին համապատասխան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից 15.06.2020թ. կազմվել է հ.034472 արձանագրությունը, և 05.08.2020թ. հ.Վ-31/27 որոշմամբ՝ Պետրոս Թովմասյանը ենթարկվել է վարչական տույժի:

Քաղաքապետը հանձնարարել էր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը։ 

Civic.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Անդրանիկի փողոցի հ.123/7 հասցեում գտվող շինությանը կից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացվել են քարե շարվածքով պատի կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի առնչությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմվել է արձանագրություն, և ընդունվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որով քաղաքացի Պետրոս Թովմասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 400.000 ՀՀ դրամի չափով: 

Միաժամանակ քաղաքապետարանից տեղեկացրին, որ Պետրոս Թովմասյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ քաղաքապետարանի որոշումը անվավեր ճանաչելու համար։

2021 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչական դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի՝ Պետրոս Թովմասյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է, և Երևանի քաղաքապետի՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու մասին որոշումն անվավեր է ճանաչվել: 

Datalex դատական տեղեկատվական հարթակից էլ տեղեկացանք, որ Պետրոս Թովմասյանը ևս մեկ հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որով պահանջել է Երևանի քաղաքապետի՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչել։ 
Պետրոս Թովմասյանի այս հայցը ևս՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Արզոյանի, բավարարվել է։

Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից տեղեկացանք, որ Վարչական դատարանի որոշումը իրենց կողմից բողոքարկվել է Վերաքննիչ վարչական դատարան։

Այլ Գրառումներ