Ինչ որոշում է կայացրել դատարանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին դատարանը մերժեց վերջիններիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Դատարանը հետաձգեց մայր քրեական գործով 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ բոլոր նյութերը, ինչպես նաեւ Սեւան Քոչարյանի ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների վերաբերյալ իրավական գնահատական պարունակող որոշումների պատճեները տրամադրելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել։
«Միջնորդության մեջ նշված փաստաթղթերը պահանջելու անհրաժեշտությունը դատարանը կարող է գնահատման ենթարկել սույն քրեական գործով ապացույցները, գրավոր ապացույցների նյութերը հետազոտելուց հետո, վկաների հարցաքննությունից հետո, այսինքն՝ այդ միջնորդությունը հետաձգվում է»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։ Դատարանի որոշմամբ՝ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի Նախորդ դատական նիստին նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

3-րդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Այլ Գրառումներ