Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական պատվաստանյութով

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ պատվաստվել է։

«Բարեկամնե՛ր, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սինովակ» ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար):

«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից;

Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար;

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00։

Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,-գրել է Լենա Նազարյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատվաստումների անհրաժեշտությանը, նշել էր, որ ՀՀ փոխվարչապետերի պաշտոնակատարներից մեկը՝ Տիգրան Ավինյանը, պատվաստվել է «AstraZeneca»-ով, Մհեր Գրիգորյանը կպատվաստվի «Sputnik V»-ով, ինչպես նաև հույս էր հայտնել, որ ԱԺ խոսնակը կամ փոխխոսնակներից մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով։

Այլ Գրառումներ