ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսել սոցիալական երաշխիքներ: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:
«Փոփոխություններով առաջարկվում է որոշակի սոցիալական երաշխիքներ նախատեսել որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Նախատեսվում է, որ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական վարձատրությունը մարտական գործողություններում ընդգրկվելու ժամանակահատվածում պահպանվի»,- ասաց Քալաշյանը:
Մյուս փոփոխությամբ նախատեսվում է, որ զորահավաքային զորակոչի և որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած անձանց մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը կներառվի կիսամյակային հաշվետվություններով և կատարողականի հիման վրա տրվող պարգևատրումների աշխատաժամանակի մեջ: Երրորդ սոցիալական երաշխիքով ենթադրվում է, որ զորահավաքային զորակոչի միջոցով և որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց՝ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում բացասական կատարողականի դեպքում չկիրառել նույն օրենքով նախատեված հիմնական աշխատավարձի կասեցման կամ իջեցման սանկցիաները:
Նախատեսված է 2020-ի երկրորդ եռամսյակին այդ անձանց տրվող պարգևատրումների համար հաշվի չառնել գործող իրավակարգավորումներով նախատեսված սահմանափակումները: Քալաշյանը վստահեցրեց, որ այս փոփոխությամբ բյուջեի վրա բեռ չի լինի:
