Կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացում չկա. ՏՄՊՊՀ նախագահ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Կաթնամթերքի շուկայում կան դեպքեր, երբ ապրանքն ամբողջությամբ կեղծվել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Եղել է դեպք, երբ մակնշվել է թթվասեր, սակայն բուսական յուղ պարունակող թթվասերային այլ մթերք է եղել։ Տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում ենք, որ զերծ մնան նման իրավախախտումներից, մակնանշումները ճիշտ անեն և զերծ մնան տեխնիկական կանոնակարգով սահմանված ապրանքների փոխարեն այլ ապրանքներ շուկա հանելուց։ Այս պահից սկսած սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և մեր հանձնաժողովը պարբերական ստուգումներ են իրականացնելու՝ առանց նախազգուշացնելու, որպեսզի հայտնաբերենք այդ իրավախախտումները»,-ասաց Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ կարագի շուկայում իրավիճակը համեմատաբար ավելի լավ է և այս պահի դրությամբ այնտեղ նման խախտումներ չեն հայտնաբերվել։

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացում չի եղել. «Դա մեր դաշտում չի գտնվում, որովհետև կաթնամթերք արտադրողների քանակը բավականաչափ է և այստեղ էական մրցակցություն է տեղի ունենում։ Չկա մեկ ընկերություն, որ շուկայում գերիշխող դիրք ունի, նշանակում է՝ դաշտը մրցակցային է, և գները ձևավորվում են մրցակցության սկզբունքով»,-ասաց Գեղամ Գևորգյանը։

Այլ Գրառումներ