Մեր զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող, վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախկին քարտուղար Դանիել Իոաննիսյանը
ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որը հնարավորություն կտա Ազգային ժողովին ինքնալուծարվել և արտահերթ ընտրություններ անցկացնել՝ առանց վարչապետի հրաժարականի: Որքանո՞վ է Սահմանադրությունը հնարավորություններ ստեղծում նման փոփոխությունների համար:
Մեր իրավակարգավորումները նման իրավական մեխանիզմ չեն նախատեսում: Արտահերթ ընտրությունների հասնելու միակ հնարավորությունը վարչապետի կրկնակի չընտրվելն է: Այդուհանդերձ, Սահմանադրությունը հնարավոր է համարում, որ Սահմանադրության այդ դրույթները փոխվեն Ազգային ժողովի կողմից և ոչ թե հանրաքվեով, և խորհրդարանի ինքնալուծարման ինստիտուտ ներմուծվի: Պարզապես, պետք է հաշվի առնել, որ ԱԺ-ի ինքնալուծարման ինստիտուտ ընդունելու դեպքում անհրաժեշտ է նման քայլի գնալու բարձր շեմ դնել, որպեսզի ասենք, պատգամավորների 50 տոկոսով դա հնարավոր չլինի արտահերթ ընտրությունների գնալ: Առնվազն դա պետք է պատգամավորների թվի 2/3-ով արվի:
Ըստ Ձեզ, սա որքանո՞վ է ռացիոնալ որոշում արտահերթ ընտրություններից առաջ, որովհետև Դուք նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ եք:
Ես գիտեմ, որ այդ հարցը քննարկվում է Ազգային ժողովում, մեր հանձնաժողովի հետ դա կապ չունի: Մենք մեր հանձնաժողովում դրա հետ կապված ինչ-որ առաջարկություններ ունեինք, բայց դա ավելի երկարաժամկետ քննարկման հարց է: Ես նաև ասել եմ, որ շատ կարևոր է, որ դրան զուգահեռ արտահերթ ընտրությունների ժամկետը ներկայացվի, ոչ թե սահմանվի ներկայիս 30-45 օրը, որը սարսափելի կարճ ժամկետ է: Պետք է այն սահմանվի գոնե մի 60 օր:
Իսկ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը դեռ գործո՞ւմ է:
Ինձ չի թվում, որ այդ հանձնաժողովը գործնականում գոյություն ունի:
Ինչո՞ւ դադարեցին քննարկումներն այդ հանձնաժողովում: Պատերա՞զմն էր խոչընդոտը:
Այո, սկզբից պատերազմն էր, իսկ պատերազմից հետո հանձնաժողովի շատ անդամներ համարում են, որ «հիմա դրա վախտը չի»: Պատերազմից հետո ոչ մի նիստ չի եղել:7STOPPED
Ձեր կարծիքով, արտահերթ ընտրություններն այս տարի ի՞նչ ժամկետներում է հնարավոր հասցնել:
Երբ դեռ նախորդ տարվա սեպտեմբեր ամիսն էր, առնվազն մեկ տարի կար մինչև հանրաքվե, այսինքն եթե պատերազմը չլիներ, մենք շարունակեինք աշխատել բնականոն հունով, ինձ թվում է, որ հանրաքվեն այս տարվա սեպտեմբերից շուտ չէր լինի: Նույնը կասեմ հիմա, այսինքն եթե որևէ խոչընդոտող պրոցես չլինի և սկսենք աշխատել, մինչև հանրքավեն մեկ տարի կա:
Իսկ Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի մասով ամբողջությամբ պատրա՞ստ ենք ընտրություններ անցկացնելուն:
Կուսակցությունների մասին օրենքն ԱԺ-ն արդեն ընդունեց, նախագահը ստորագրեց, արդեն մեկ շաբաթ է, որ ուժի մեջ է մտել: Իսկ Ընտրական օրենսգրքի հետ կապված նախագիծը շատ-շատ շուտով կլինի, մոտավորապես մեկ շաբաթից:
Ընտրական նոր օրենսգրքով արդեն բոլոր հարցերը լուծված կլինե՞ն, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգի հետ կապված: Նախկինում առկա բոլոր խնդիրները շտկվա՞ծ են:
Նայած ինչ ենք հասկանում բոլոր խնդիրներ ասելով, բայց բոլոր խնդիրները, որոնք ողջամտորեն հնարավոր է լուծել, ինձ թվում է՝ լուծվում են: Սակայն կան խնդիրներ, որոնք օրենսգրքով չէ, որ պետք է լուծվեն, կա սահմանադրական խոչընդոտ: Սակայն այն բոլոր խնդիրները, որոնք հնարավոր է Ընտրական օրենսգրքով լուծել, լուծվում են: Ինչ վերաբերում է ընտրակարգին, կարծես բոլորը համաձայն են, որ պետք է լինի համամասնական սովորական ընտրակարգ:
