Վերին Լարսի անցակետը փակ է և ըստ կանխատեսումների՝ փակ կմնա մոտ մեկ շաբաթ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Երեկ չէ առաջին օրը երեկոյան փակեցին անցակետը։ Վերևում ձյուն է գալիս և ուժեղ քամի է։ Եվ կախատեսվում է, որ առնվազն մեկ շաբաթ ձյուն է գալիս, անցակետը կարող է փակ մնալ։ Մեզ ոչ ոք չի ասում՝ ինչքան փակ կմնա, ինքներս ենք ենթադրում՝ նայելով կանխատեսումները։ Քանի դեռ ձյուն է գալիս, այստեղ որևէ մեկը ճանապարհը չի մաքրում։ Եթե նույնիսկ մի թեթև մաքրում են, դա անում են, որ տեղի բնակչությունը կարողանա այդ ճանապարհներով շարժվել, բեռնատարներին հաստատ չեն թողնի շարժվել»,- ասաց նա։
Թանանյանի տեղեկացմամբ՝ անցակետի ռուսական կողմում կուտակված է մոտ 100 բեռնատար, նույնքան էլ վրացական կողմում։ Խոսքը բոլոր երկրների բեռնատարների մասին է։ «Այսինքն՝ վիճակն այնքան վատ չէ, ռուսական կողմից մոտ 1,5 կմ հերթ է ընդամենը։ Այս երեք օրերի ընթացքում մեքենաների մեծ թվաքանակ չի ավելացել, հավանաբար մարդիկ կանխատեսումներին հետևում են, իրենց էլ հարմար չէ, որ գնան ու մնան ճանապարհներին, ի վերջո տուգանքներ են վճարում դրա համար»,- հավելեց Թանանյանը։
