Ադրբեջանը հաստատել է 62 գերու ներկայությունը. Նազելի Բաղդասարյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ես ձեզ վստահեցնում եմ, որ 24-ժամյա կապի մեջ ենք 62 գերեվարված քաղաքացիների հարազատների հետ և փորձել ենք հնարավորին ամենը անել, որպեսզի ծնողներին տեղեկատվությունը հասանելի լինի։ Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Խծաբերդի հատվածում գերեվարված 62 զինծառայողների թեմային, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Սկզբի օրերին, երբ տեսանյութը տարածվեց, խնդիր էր ծագում, թե արդյոք գերեվարված բոլոր քաղաքացիները անվտանգ են, ողջ են, որովհետև խնդիր կար նաև ադրբեջանական կողմից այս փաստի հաստատման համար, և մենք տևական գործընթաց էինք տանում մարզային իշխանությունների հետ, զինկոմիսարիատների հետ՝ ճշտելու համար այն ցուցակները, այն անձանց, որոնք իրապես եղել են Խծաբերդում»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ Արցախի նախագահի և ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարության հետ հանդիպումների արդյունքում համաձայնության են եկել, որպեսզի ծնողները ևս մասնակցեն հանդիպումներին։ «Սա շատ կարևոր շեշտադրում էր մեզ համար, որովհետև ծնողների կողմից նույնպես անհրաժեշտություն կար այդ տեղեկատվությունը ստանալ հենց այդ օղակից և վստահ լինել, որ տեղեկության համաձայն գերեվարված անձիք տեղափոխվել են Բաքու և Բաքուն այս պարագայում հաստատում է 62 անձի ներկայությունը։ Ես ուզում եմ այստեղ մեկ նկատառում անել, որ անուններ և ցուցակներ չկան ճշգրտված, որովհետև այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում։ Նախօրեից  նկատել եմ, որ համացանցում ինչ-որ անուններ և ցուցակներ են շրջանառվում, ես խնդրում եմ զուսպ լինել, նման գործընթացը կարող է վնասել այս պրոցեսին, ես խնդրում եմ զուսպ լինել, որովհետև չկան հաստատված ճշգրտված ցուցակներ հակառակորդ կողմից և այս շահարկումները իրապես կարող են գործընթացին վնասել»։

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ կապի մեջ են իրավապաշտպանների հետ, որոնք զբաղվում են այս հարցով, կապի մեջ են  նաև Արցախի և Հայաստանի  Մարդու իրավունքների պաշտպաննների հետ։ «Անկախ այն գործընթացներից, որը ռուս խաղաղապհներն են իրականացնում, նաև իրավական գործընթացներ են զուգահեռ գնում, և նախօրեին արդեն ՊՆ-ն էլ ներկայացրեց, որ իրենք էլ իրենց կողմից ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչին։

Նա նաև նշեց, որ շաբաթվա ավարտին պատրաստվում են ևս մեկ անգամ մեկնել Արցախ՝ հետամուտ լինելու խնդրի բնականոն և արագ հանգուցալուծմանը։

Սոֆյա Հովսեփյանն էլ կոչ արեց այս թեմաները լուսաբանելիս զգուշավոր լինել։ «Ես հասկանում եմ, որ շատ կարևոր է ինչ-որ բաներ լուսաբանելը, բայց շատ հաճախ է լինում, որ լուսաբանումների արդյունքում խանգարվում է այն պրոցեսը, որը սկսվել է, այդ խնդրանքը ես փոխանցում են բոլոր այն գերատեսչությունների անունից, որոնց հետ հանդիպել ենք»։

Այլ Գրառումներ