Կորոնավիրուսը թատրոններին պարապուրդում պահեց, բայց նոր մտահղացումներ կյանքի կոչելու և նոր ներկայացումներ բեմադրելու ժամանակ տվեց: Հիմա թատրոնները վերաբացվում են ՝հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու պրեմիերաներով: Սահմանափակումներ կան՝ելնելով շենքային պայմաններից,թե քանի հանդիսատեսի մուտքն է թույլատրվում:Ինչպիսի դժվարություններ են ունեցել թատրոնները պարապուրդի շրջանում և ինչպես են կարանտինի ընթացքում ընդունելու հանդիսատեսին: Այս հարցերի մասին այսօր խոսել են Գյումրիում գործող թատրոնների ղեկավարները: Իսկ Գյումրիում թատրոնների թիվը համավարակի ընթացքում մեկով ավելացել է:

Գյումրիում գործող թատրոնները պարապուրդում են եղել, բայց պարապ չեն մնացել: Ներկայացումներ բեմում չեն խաղացել, բայց մշտական փորձեր,դերասանական փոքր խմբերում ,եղել են: Իսկ այդ փորձերի արդյունքն այն է, որ այսօր,երբ որոշակի սահմանափակումներով թույլատրելի է թատրոնների աշխատանքը,պատրաստ են նոր ներկայացումներով ընդունել հանդիսատեսին: Գյումրիի դրամատիկական թատրոնն այս ընթացքում նոր՝ հեքիաթների բեմադրման հեռուսատատեսային տարբերակով է հանդես եկել, մանկական ներկայացումներ են բեմադրել բացօթյա ու պատրաստվել են 155-րդ թատերաշրջանը բացել 3 նոր ներկայացումներով: Թատրոնների համար նոր է նաև հանդիսատեսի ընդունելության կարգը:
«Թատրոնը պետք է կարողանա ապահովել մեկ ու կես մետր հեռավորություն: Մեր թատրոնը կոնկրետ ունի 615 տեղ, որտեղ պետք է հեռավորություն պահվի, հանդիսատեսը պետք է լինի դիմակով, թատրոնը պետք է ունենա օդափոխության համակարգ և պետք է յուրաքանչյուր հանդիսատեսից աջ, ձախ, հետ ու առաջ ապահովվի հեռավորություն:Դերասանները փորձերի ժամանակ դիմակներով են: Իրենց համար թեև դժվար է, բայց եթե դա նրա համար է, որ ինչ-որ ժամանակ ազատվենք դիմակներից, պետք է կարողանանաք հաղթահարել: Բայց դերասանները բեմում ստեղծագործելիս, պրեմիերայի ժամանակ չեն լինելու դիմակով»,- ասել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 7-ին թատերաշրջանը կբացի:Մարտ ամսից առաջին ներկայացումն է,որ աճեմյանցիները թատրոնի բեմում են խաղալու: Իսկ տիկնիկային թատրոնը ներկայացումները սկսել է՝հանդիսատեսի թվի սահմանափակումներով:

«Անընդհատ զանգեր ենք ստանում, անընդհատ հետաքրքրվում են, բայց տոմսերը շատ չենք կարող վաճառել: Անընդհատ սեղմված ենք, բայց ներկայացումները շատ լավ էմոցիաներով առաջ են գնում»,- ասել է Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը:

Սահմանափակումներն ամեն թատրոնի համար տարբեր են՝ելնելով շենքային պայմաններից: Տիկնիկայինում մինչև 60 , իսկ դրամատիկականում մինչև 270 հանդիսատես կարող են ընդունել: Հանդիսատեսի թվի սահմանափակման խնդիր չունի Գյումրիի նորաստեղծ «Մտորումների թատրոն»-ը : Նոր թատերախումբը կազմավորվել է կարանտինի շրջանում ու ավելի քիչ հանդիսատեսով ինտերակտիվ ներկայացումներ են բեմադրում:

«Այս ընթացքում մենք 4 ներկայացումներ ենք պատրաստել: Ուղղակի մնում է, որ պաշտոնապես բացենք թատրոնը և 4 օր ներկայացնենք հանդիսատեսին: Դահլիճը փոքր է՝ընդամենը 30 տեղ: Մենք չենք հավակնում մեծ սրահներ լցնել »,- նշել է Գյումրիի «Մտորումների թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Այն թատրոններում, որտեղ հանդիսատեսի թվի սահմանափակումներ են գործում, մեկ ներկայացումը երկու անգամ են խաղալու: Սա նշանակում է՝ թատերախմբի կրկնակի ծանրաբեռնվածություն նաև պահպանության կրկնակի ծախսեր: Ֆինանսական ծախսերը ևս հաշվի են առնվել հանդիսատեսի թույլատրելի քանակը սահմանելիս:

Միայն հոկտեմբեր ամսին դրամատիկական թատրոնում 28-30 անգամ ներկայացումներ են խաղալու: Թատրոն մուտքի համար պարտադիր են դիմակները:Իսկ դերասանները բեմում կլինեն առանց դիմակների՝ միմյանցից ու հանդիսատեսից ֆիզիկական հեռավորության վրա:
Նյութի աղբյուրը՝ shantnews.am
