Գիտելիքի օրը՝ Թալիշում

հեղինակ - admin

ԱՀ ԿԳՄ նախարար Լ. Ղարախանյանը Գիտելիքի օրը նշանավորել է սահմանամերձ Թալիշում: Դպրոցի մուտքի մոտ նախարարին դիմավորել են ուսուցիչները և այս ուսումնականի միակ առաջին դասարանցին՝ փոքրիկ Նանեն, ով , ի դեպ, դպրոցական պայուսակն ու գրենական պիտույքներն անձամբ նախարարից է  ստացել:

Ողջունելով դպրոցի անձնակազմին և շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ՝ նախարարն իր խոսքում ընդգծել է սահմանի կարևորությունը. «Սահմանն է այսօր թելադրում մեր ամբողջ գործունեության ու կենսակերպի տրամաբանությունը.սահմանամերձ համայնքում ապրող յուրաքանչյուր մարդ՝ փոքրիկ Նանեից սկսած, հերոս է: Այսօր, մեզնից յուրաքանչյուրը որևէ քայլ ձեռնարկելիս, պիտի առաջնորդվի իրական ու մնայուն արժեքներով ՝ վեր դասելով հայրենիքի շահը, հիշելով, որ այս հողը սրբագործված է արյամբ, աչքի առաջ ունենալով ընկած տղաների անխոս պատգամները»:

Ապրիլյանից հետո Թալիշի ճակատագիրը հիմնովին փոխվել է, այսօր տեղի դպրոցում 27 աշակերտ է սովորում, սակայն թշնամու կրակակետի տակ ապրող թալիշցիները հաստատակամ են պապենական հողը շենացնելու հարցում:

«Սահմանին ապրող մարդը կենդանի վահան է բոլորիս համար. դա նշանակում է, որ մենք սխալվելու, մեր համազգային նպատակներից շեղվելու իրավունք չունենք : Աստծո յուրաքանչյուրը օրը երախտապարտ պիտի լինենք թալիշցի Նանեին, Թալիշի հերոս ուսուցչությանը , որ կարողանում է լուսավոր երազներով ու վեհ գաղափարներով սերունդ կրթել», -նշել է Լուսինե Ղարախանյանը՞

Վերադարձին ԱՀ ԿԳՄ նախարարն այցելել է նաև Մատաղիսի միջնակարգ դպրոց, շնորհավորել ուսուցիչներին՝ տոնի առթիվ, տեղեկացել դպրոցի խնդիրներից: Մատաղիսի 102 աշակերտ ունեցող դպրոցը՝ երիտասարդ ուսուցչական կազմով ու կատարած աշխատանքով, ուղղակի հիացմունքի է արժանի:

Դպրոցի 8 ուսուցչուհիների ամուսինները սպաներ են: Դիմելով նրանց՝ նախարարը շեշտեց. «Շնորհակալ եմ ձեզ նվիրումի համար. ձեր ամուսինները երկրի սահմանը պահում են զենքով,իսկ դուք ՝ գրիչով: Կեցցե՛ք: Համոզմունքս մեկն է՝ ուսուցչությունը երկրորդ բանակն է, և որքան ուժեղ լինի այդ բանակը, այնքան անպարտելի կլինենք մենք»:

Այլ Գրառումներ