«Գազպրոմ-Արմենիա» ընկերության Lոռու գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի Վանաձորի տարածքային տեղամասում կրճատումներ են սկսվել, ինչն առաջացրել է աշխատանքից ազատվող հսկիչների դժգոհությունը:
2 ամիս հետո աշխատանիքից կազատվեն ավելի քան 20 հսկիչներ (թաղամասային տեսուչներ), եւս 10 հսկիչի ազատվելու հարցն, ըստ աշխատակիցների, դեռեւս քննարկման փուլում է:
ՀԺ-ի հետ զրույցում աշխատակիցները պատմեցին, որ ազատման ծանուցագրեր ստացել են օգոստոսի 20-ին, ըստ որի, աշխատելու են մինչեւ հոկտեմբերի 20-ը: Ծանուցագրեր ստացած աշխատակիցներից մեկը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կրճատելը ղեկավարությունը որեւէ կերպ չի հիմնավորել, ասել են՝ համատարած կրճատումներ են սպասվում: Աշխատակիցներն ասում են նաեւ, որ իրենց աշխատանքից ազատելիս ոչինչ հաշվի չի առնվել՝ ոչ աշխատանքային փորձը, ոչ էլ աշխատակցի ընտանեկան ու սոցիալական կարգավիճակը:
Մինչ աշխատանքից ազատվելու մասին ծանուցելը, ղեկավարությունը հայտնել է նաեւ, որ աշխատավարձերն այսուհետ վճարվելու են 20 տոկոս պակաս, որին հսկիչները համաձայնվել են, իսկ ահա աշխատանքը կորցնելու հետ չեն համակերպվում. «Այսօր գազի 50 տոկոս հսկիչ աշխատողներին դրել կրճատում են, մեզ զրկում են մեր մի կտոր հացից, ասում են, թե դա անում են ըստ ռեյտինգավորման, բայց այդ ռետինգավորումն արվել է ոչ ճիշտ սանդղակով, քանի որ հաշվի չեն առել, թե տվյալ մարդը քանի աբոնենտ է սպասարկել: Սկզբում մեր աշխատավարձը 20 տոկոսով իջեցրին, հաջորդ քայլն էլ արդեն 50 տոկոս կրճատումն էր, ոչ մի բան հաշվի չառան»,- ասաց աշխատակիցներից մեկը: «Կոմպյուտերային սիստեմով, մկնիկի մի հարվածով դրեցին մեզ կրճատեցին»,- ավելացրեց նա:
Աշխատակիցներն ասում են, որ թեպետ հաշվի են առել իրենց նշած ռեյտինգավորումը, ըստ որի՝ թե որ տեսուչը քանի գանձում է կատարել, սակայն հաշվի չեն առել, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, վարչապետը ամիսներ առաջ հանձնարարել էր սառեցննել կոմունալ վճարումների գանձումները. «Վարչապետի այդ առաջարկից օգտվեցին թե անվճարունակներն ու թե վճարունակները, գազի վճար չմուծեցին, ինչի արդյունքում մեր աշխատանքի արտադրողականությունը բավականին ընկավ ու մենք կրճատվեցինք: Ասում են՝ ռեյտինգային, բայց մոռանում են վարչապետի հրահանգն ու կորոնավիորսով պայմանավորված ու մարդկանց տրված արտոնյալ վիճակը»:
Աշխատանքից ազատվող հսկիչները օրեր առաջ նաեւ բողոքի ակցիա էին իրականացրել Վանաձորի գրասենյակի դիմաց՝ խոստանալով, որ ակցիաները լինելու են շարունակական: Հսկիչներին աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ սպասվող լրացուցիչ կրճատումների մասին ՀԺ-ն գրավոր հարցմամբ դիմել էր «Գազպրոմ-Արմենիա» ընկերություն՝ խնդրելով հայտնել, թե նախ Վանաձորի տեղամասի քանի աշխատակից է ազատվելու աշխատանքից, եւ երկրորդ՝ ինչ հիմնավորմամբ: Ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ընդհանուր առմամբ նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Տեղեկացնում ենք նաև, որ մոտ 50%-ով կրճատվելու է հսկիչների թվաքանակը, քանի որ ՀՀ ՀԾԿՀ համապատասխան որոշմամբ հաստատված ԳՄՕԿ-ի փոփոխությունների համաձայն՝ վերանայվել են հսկիչների գործառույթները, մասնավորապես, վերջիններիս կողմից սպառած բնական գազի գույքագրումը նախատեսվում է իրականացնել վեց օրվա ընթացքում նախկինում սահմանված երկու օրվա փոխարեն»,- նշված է հարցման պատասխանում:
Նյութի աղբյուրը՝ Հայկական ժամանակ
