Մեկնարկում է «ՄԻԱՍԻՆ» նախագիծը

հեղինակ - admin

 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում են «ՄԻԱՍԻՆ» նախագծի մեկնարկը։ Համագործակցության արդյունքում, մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրին։

«ՄԻԱՍԻՆ» նախագիծը նախատեսված է 280 քմ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից 50% պետաջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի, քան 70%-ը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ Կարևորելով Հայաստանի սահմանամերձ համայնքների կայուն զարգացումը` ՄԱԶԾ-ի հետ համատեղ մշակեցինք համագործակցության յուրահատուկ ձևաչափ.  համախմբելով առկա ռեսուրսները` ձեռնամուխ կլինենք ընտրված մարզերում և համայնքներում առավելագույն չափով նպաստել «խելացի» անասնաշենքերի կառուցմանը, ինչը մեծ խթան կհանդիսանա կաթի արժեշղթայի զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանատիպ համագործակցությունն էլ ավելի լայն կիրառություն կապահովի պետական օժանդակության զարգացման ծրագրերին և մեր սահմանած նպատակներին կկարողանանք հասնել առավելագույն կարճ ժամկետում։ Մենք հանձնառու ենք ծրագրի հաջող իրականացմանը, քանի որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումն այս բնակավայրերում կխթանի նոր ագրոմշակույթի ձևավորումը, և այս հաջողության օրինակը վարակիչ կլինի հարևան բնակավայրերի համար։

ՄԱԶԾ մասնակի համաֆինանսավորման կարող են դիմել այն անձինք, ովքեր․

ունեն ՀՀ քաղաքացիություն և մշտական բնակություն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում
✅ ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պետական աջակցության մասին պայմանագիր,
✅ ունեն խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ
✅ մասնակցել են անասնաբուծության վարման վերաբերյալ մեկշաբաթյա դասընթացներին և ունեն հավաստագիր։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար  Միհաելա Ստոյկոսկան նշել է․ Սա բացառիկ ձևաչափ է, քանի որ ՄԱԶԾ-ն առաջին անգամ է մշակել համագործակցության նմանատիպ մոդել՝ օժանդակելու պետական աջակցության ծրագրին:   Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում տոհմային «խելացի» անասնապահություն զարցացմանը, ինչն, իր հերթին, կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը և երկրի պարենային անվտանգությանը։

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Մրցույթի վերջնաժամկետն է 2020 թ․ սեպտեմբերի 1-ը։ Պայմաններին և դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ։

Նյութի աղբյուր՝ mineconomy.am

Այլ Գրառումներ