Աջակցության նոր ծրագրեր. Էկոնոմիկայի նախարարություն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Աջակցության նոր ծրագրեր բիզնեսի համար․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 23-րդ միջոցառման նպատակն է օժանդակություն տրամադրել զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի տնտեսվարողներին՝ վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։ «Սա ոլորտին զգալի աջակցություն է և մենք ունենք նաև ազդակներ, գնահատականներ մասնավոր հատվածից, որ այս աջակցությունը մեծ չափով կօգնի իրենց գործունեությունը ճիշտ պլանավորելու և դժվարությունները հաղթահարելու հարցում։ Մի շարք քննարկումներ ենք անցկացրել ոլորտը ներկայացնող տարբեր միությունների և անմիջապես կազմակերպությունների հետ և եկել եզրակացության, որ կազմակերպություններն իրենց առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը տեսնում են անձնակազմի և աշխատատեղերի պահպանումը», — ասել է Էկոնոմիկայի նախարարը։
23-րդ միջոցառման մասին՝ մանրամասն https://bit.ly/2Fi1Zhq

24-րդ միջոցառման նպատակն է օժանդակել գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը: «Թիրախավորել ենք հատկապես խաղողի մթերումների ժամանակահատվածում կազմակերպություններին և ֆերմերային տնտեսություններին օգնությունը։ Այս տարին տարբերվում է նախորդ տարիներից նրանով, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով գինի և կոնյակ արտադրող և վաճառող կազմակերպությունները թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկայում ունեն վաճառքի կրճատում։ Աջակցության առանձնահատուկ պայմաններից է այն, որ ֆինանսական գումարը ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշվեհամարներին ստանում են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին», — նշել է Տիգրան Խաչատրյանը։
?24-րդ միջոցառման մասին՝ մանրամասն https://bit.ly/3fXYz06

Մեկնարկել է նաև 19-րդ միջոցառումը, որն ուղղված է ստեղծարար ներուժի իրացմանը։ Ծրագրի նպատակն է մրցունակ գործարար ծրագրեր իրագործումը, ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնումը և ֆինանսների հասանելիության բարձրացումը։ «Զրոյից» բիզնես ստեղծելուն ուղղված այս միջոցառման հիմնական թիրախը մարզային ՓՄՁ-ներն ու սկսնակ ձեռներեցներն են։ Միջոցառման չափանիշներին բավարարող դիմումատուները կմասնակցեն ձեռնարկատիրական գիտելքիների զարգացման վերաբերյալ դասընթացին, և ավարտին առավել հաջող և կենսունակ բիզնես պլաններ ունեցող մասնակիցներին հնարավորություն կտրվի ստորագրել երաշխիքային պայմանագրեր և ստանալ բիզնես վարկեր՝ միջոցառմամբ սահմանված արտոնյալ պայմաններով:
19-րդ միջոցառման մասին՝ մանրամասն https://bit.ly/2PUjgiY

Նախարարը նշել է, որ մեկնարկել է աշնանացան ցորենի ծրագիրը՝ հավելելով, որ այն առանձնահատուկ նպատակ ու կարգավորման եղանակներ ունի: «Մենք հայտարարել ենք՝ Հայաստանում ցորենի աճեցման ընթացքում հիմնական խնդիրներից մեկը ոչ որակյալ սերմի օգտագործումն է, որի արդյունքում արդյունավետությունն էապես ընկնում է: Եվ հատկապես առավել փոքր ծավալով գյուղատնտեսություն վարող տնտեսություններում է խնդիրն առկա: Կառավարությունը հայտարարել է, որ առաջիկա տարում խրախուսելու և ֆինանսապես աջակցելու է բոլոր գյուղացիական տնտեսություններին, որոնք կորոշեն, որ որպես սերմացու օգտագործելու են ոչ թե իրենց պահած սերմացուն, այլ սերմացուն ձեռք են բերելու շուկայում առկա՝ որպես սերմացու վաճառող մատակարարներից»,- նշել է նախարարը:
Աշնանացան ցորենի ծրագրի մասին՝ մանրամասն https://bit.ly/2PRsCvN

Ընդհանուր առմամբ հակաճգնաժամային առաջին ծրագրից օգտվել է 1089 ընկերություն 66,6 մլրդ դրամ բավարարված վարկերի ընդհանուր ծավալով:

Գյուղատնտեսության ոլորտի վարկավորման աջակցությունից օգտվել են 21446 շահառուներ 33,5 մլրդ դրամի չափով

Փոքր ու միջին ձեռներեցության ծրագրից՝ 844-ը 9,3 մլրդ դրամ բավարարված վարկերի ընդհանուր ծավալով

Այլ Գրառումներ