Քննարկվում է Ապարանի համայնքում ներդրումային ծրագիր իրականացնելու առաջարկը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան այսօր հանդիպում ունեցան «Ռուցոգ ինվեստ» ներդրումային կազմակերպության հիմնադիր նախագահ Ռուբեն Գրիգորյանի հետ:

Զրուցակիցները քննարկեցին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ժամանակակից զբոսաշրջային և գյուղատնտեսական ավան կառուցելու ներդրումային առաջարկը:

Ներդրումային ծրագրով, ըստ ընկերության պատասխանատուների, նախատեսվում է Արագած և Վարդենուտ բնակավայրերում կազմակերպել օրգանական գյուղատնտեսական մթերքների արտադրություն՝ համապատասխան ենթակառուցվածքների առկայությամբ, Արագածի լեռնագոգին՝ Վարդենուտ համայնքի մոտակայքում կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային սպորտային համալիր, ինչպես նաև ամառային առողջարանային ենթակառուցվածքներ:

Խոսելով ծրագրի իրականացման պարագայում Ապարանի տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացման հեռանկարից՝ կառավարության անդամները կարևորեցին տեղի բնակչության զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը:

Ընկերության ղեկավարի խոսքով ներդրումային ծրագրի առաջնահերթ նպատակներից է հարակից համայնքների զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ զարգացնել տեղի աշխատուժի մասնագիտական կարողությունները՝ նրանց համար ստեղծելով աշխատեղեր ու հավելյալ եկամտի հնարավորություններ:

Կառավարության անդամները և Ընկերության նախագահը անդրադարձան նաև վերջին 1 տարվա ընթացքում ծրագրի հստակեցման ուղղված քայլերին, հատկապես կարևորվեց ՀՀ գործող օրենսդրական կարգավորումների համապատասխանեցման նպատակով նախարարությունների և ընկերության ներկայացուցիչների հանդիպումների արդյունքում արված հայեցակարգային լրամշակումները:

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել համատեղ աշխատանքը ծրագրի հստակեցման և իրականացման ուղղությամբ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ առաջիկայում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի թիրախային բնակավայրերում կկազմակերպվեն հանրային լսումներ՝ ծրագրի ներկայացման նպատակով:

Այլ Գրառումներ