ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Հեռանկար» հաղորդաշարին։
Հարց. Սկսենք երևի վերջին տավուշյան իրադարձություններից, այդ դեպքերից և այդ դեպքերին Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությունից: Նախ, արդյո՞ք Դուք համաձայն եք, որ Թուրքիայի ներգրավվածությունն աննախադեպ էր: Եթե այո, ապա ի՞նչ քաղաքական և դիվանագիտական հետևանքների դա կարող է բերել:
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն, պարո՛ն Աբրահամյան: Իրապես, Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս, որն անընդունելի է, որին մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու ենք այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից մեզ համար անընդունելի է լինելու: Մենք այդ առումով օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով:
Հարց. Յոթ օրվա ընդմիջումից հետո Ալիևը նորից խոսեց, և եթե Դուք թույլ կտաք՝ ոչ դիվանագիտական արտահայտություն թույլ տամ, լրագրողական, Թուրքիայի պահվածքը կարծես թե նրան «դուխ» է տալիս ավելի ագրեսիվ լինելու: Համաձա՞յն եք, թե՞ ոչ:
Զոհրաբ Մնացականյան. Ես, ճիշտն ասած, համաձայն չեմ և համաձայն չեմ ընդհանրապես այդ մոտեցման հետ, քանի որ այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետև կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի և Արցախի վրա չեն ազդում: Սա մերժված է բոլոր առումներով, և նման հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին. սա հռետորաբանություն է, որն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի: Սա անընդունելի է և ապակառուցողական: Սպառնալիքի լեզուն չի ազդում, չի աշխատում. դա առավել քան հստակորեն մերժված է: Սա եղել է մեր դիրքորոշումն անցած երկու տարվա ընթացքում, առավել քան հստակ, շարունակական արտահայտվել է քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում և արտահայտվել է հուլիսի 12-ից սկսած:
Հարց. Օրերս Հայաստանը ԵԱՀԿ հայտագիր է շրջանառել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցման մասին։ Ի՞նչ է դա նշանակում ավելի հանրամատչելի լեզվով, խնդրում եմ, բացատրել;
Զոհրաբ Մնացականյան. Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին՝ նախաձեռնելով և իրականացնելով այս ռազմական վարժությունները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների, մեր ամբողջ ռեսուրսը ներդրվում է դե-էսկալացիայի ամրապնդման վրա։ Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈՒ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից։
Շարունակությունը՝ տեսանյությում
Աղբյուրը՝ mfa.am
