ՍԴ դատավորներին աշխատավարձ չե՞ն ուզում տալ․ Ոչ իրավաչափ քայլեր են նկատվում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գառնիկ Աթանեսյանը երեկ ֆեյսբուքի իր էջում գրեց, որ ՍԴ աշխատակամզի ղեկավարը որոշել է, որ «եթե ազատված դատավորները պիտի աշխատավարձ չստանան, ուրեմն գործող դատավորներն էլ պիտի չստանան»։ Նա ընդծում էր, որ [դատավորները] սպասում են մինչեւ օգոստոսի 15, որից հետո հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն:

Օրենքով հենց այդ ժամկետն է սահմանված (մինչեւ ընթացիկ ամսվա 15-ը) որպես աշխատավարձի վճարման իրավաչափ ժամկետ:

Մեր տեղեկություններով խնդիրը հետեւյալն է. բյուջետային այս հիմնարկում, ինչպես եւ մյուսներում ամսվա վերջին աշխատանքային օրը աշխատակազմի ղեկավարը հայտ է ներկայացնում ֆինանսների նախարարությանը՝ ըստ աշխատողների թվի աշխատավարձերը փոխանցելու համար։

Մեր տեղեկություններով, սակայն, Էդգար Ղազարյանը երեկ աշխատավարձի հայտ է ներկայացրել միայն աշխատակազմի համար:

Նա դա հիմնավորել է հետեւյալով. որ ակնկալում է ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը,  որում նշված կլինի, թե որ դատավորների լիազորություններն են դադարեցվել, եւ որոնք են շարունակում պաշտոնավարել:

Նախագահի պաշտոնակատարն էլ, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ասել է, որ ինքը օրենքով լիազրություն չունի որեւէ անհատական ակտ կայացնելու: Խաչատրյանն ասել է նաեւ, որ Սահմանադրության փոփոխություններով եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխություններով ինքնին հասկանալի է, թե ում լիազորություններն են դադարեցվել, ումը՝ ոչ:

Ղազարյանին այսքանից հետո մնում էր ընդամենը տեխնիկական բնույթի աշխատանք կատարել եւ այն դատավորները, որոնց լիազորությունները վերջին Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են,  նրանց վերջնահաշվարկ տալ, մյուսներին՝ վճարել աշխատավարձը:  Որովհետեւ մինչեւ այժմ էլ ՍԴ դատավորների աշխատավարձը չի վճարվել որեւէ հատուկ հրահանգով, աշխատակազմի ղեկավարը առաջնորդվել է օրենքով: Օրենքով է որոշվում ՍԴ դատավորի աշխատավարձը՝ ըստ դրույքաչափի, ինչպես նաեւ հավելավճարները՝ ըստ տարեկան ստաժի, դա որոշելը ոչ ոքի իրավասությունը չէ:

Թե ինչու է Ղազարյանը նման կերպ վարվել, թերեւս դժվար չէ կռահել:

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը եւս շարունակ ինչ-որ ակտ էր ակնկալում՝ իր լիազորությունների դադարեցման մասին:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Այլ Գրառումներ