ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչներին։
Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին, ինչպես նաև դիմել հեռակա համակարգով ընդունելության մրցույթին՝ պահպանելով դրական միավորը կամ այն բարձրացնելով։ Ընդ որում, դրական միավորներով նախընտրած ֆակուլտետ չընդունված շուրջ 739 դիմորդից 550-ն արդեն դիմել է ընդունելության լրացուցիչ փուլին, որն անցկացվում է ըստ առկա թափուր տեղերի։
Գնահատման և թեստավորման կենտրոնը, նախարարության առաջարկով, այժմ քննարկում է լրացուցիչ փուլին դիմելու ժամկետը երկարաձգելու հարցը։
