ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների և նրանց ծնողների հետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն  իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների հետ:

Բուհերի  ընդունելությունն այս տարի անցկացվել է  ըստ հաստատված նոր կարգի. դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով ընդունվելու որոշումը մրցույթից դուրս է թողել բարձր միավորներ հավաքած բազմաթիվ դիմորդների: Նրանք առաջարկել են քննարկել բուհերի համապատասխան ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնելու խնդիրը ինչպես նաև դիտարկել երկրորդ կամ երրորդ հայտով հայտարարագրված մասնագիտությունների մրցույթին մասնակցելուն վերաբերող  հարցերը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունն այս օրերին  բազմաթիվ նամակներ և դիմումներ է  ստանում:  Ըստ նրա՝ առկա է մի իրավիճակ, երբ քննության արդյունքում բարձր միավոր ստացած դիմորդը չի կարողանում իր ընտրած մասնագիտությամբ ուսանողի կարգավիճակ ստանալ:  Վահե Էնֆիաջյանը կարծիք է հայտնել, որ կարելի է գտնել հարցի լուծման իրավական տարբերակներ: Նա ներկաներին է փոխանցել խմբակցության փորձագետների եւ իրավաբանների կողմից պատրաստված եզրակացությունը: Վահե Էնֆիաջյանն առաջարկել է ուսումնասիրել փաստաթուղթը եւ համատեղ քայլեր ձեռնարկել հարցի լուծման  ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ դիմել է  ԿԳՄՍ նախարարին:

Աղբյուրը՝ parliament.am

Այլ Գրառումներ