Ջավախքում ապրող հայերը մտահոգ են հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին կատարվածով: Ջավախքում ապրող երիտասարդները սոցիալական տարբեր հարթակներով երեկվանից կոչ էին անում միանալ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում անցկացվող խաղաղ ցույցին:
Ջավախահայերի խաղաղ ցույցին են միացել նաև եկեղեցականներ, որոնք իրենց խոսքում նշեցին, որ այս հավաքը մի քայլ է, որով իրենք իրենց հավատը, ուժն ու միասնությունն են փոխանցում համայն հայությանն ու Հայաստանին: Միասնական աղոթքով հայտարարեցին ցույցի մեկնարկը:
«Ջավախքը միշտ կանգնած է եղել մեր հայրենիքի՝ Հայաստանի կողքին, այնպես ինչպես եղել ենք 1988 թվականի Սպիտակի երկարաշարժի, Արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր կանգնած ենք Հայաստան աշխարհի կողքին, մեր սրտի եւ հոգու կողքին»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը: Նրանց կարգախոսն է՝ «Ոչ պատերազմին»: «Մենք դեմ ենք պատերազմին ու բռությանը, եւ անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում, Հայաստանում, թե՛ աշխարհի մեկ այլ վայրում՝ պատրաստ ենք միասնական, ուս- ուսի կանգնել Հայաստանի կողքին»,- հայտարարեցին նրանք:
Ցույցի մասնակիցներից մեկը նաև հայտարարեց, որ Վրաստանում ապրող մի խումբ ադրբեջանցիներ վրացական և
ադրբեջանական դրոշներով վրաց-հայկական սահմանի մոտ վերջերս սադրիչ կոչեր էին տարածում:
«Սա մեզ խիստ վրդովեցրել է, ինչպե՞ս կարող է Վրաստանում նման երեւույթ տեղի ունենալ: Այստեղ ազգության ու կրոնի տարբերակում չկա ու չի եղել, մինչեւ հիմա չի եղել ազգերի միջեւ կոնֆլիկտ: Ցավոք սրտի որոշ մարդիկ միջազգային կոնֆլիկտ են հրահրում նաեւ այստեղ՝ օգտագործելով Վրաստանի պետական դրոշը, որի տակ բանակայինները երդում են տալիս: Գլխավորն այն է, որ նրանք ապրում են Վրաստանում, հիմա հարց այդ մարդկանց՝ իսկ դուք հարցրե՞լ եք այն ադրբեջացիների կարծիքը, որոնք եւս ապրելով Վրաստանում հաճախ են այցելում այստեղի հայկական բնակավայրեր՝ առեւտրի եւ այլ նպատակներով: Մենք վսահ ենք, որ նրանք համաձայն չեն ձեր գործելաոճի հետ: Այստեղ մենք՝ հայերս եւ ադրբեջանցիներն ապրում ենք հանգիստ եւ խաղաղ ու պետք չէ փչացնել փոխհարաբերությունները, իսկ նրանք, ովքեր ձգտում են սադրանքների, մարտական գործողությունների կամ հերոսացման, թող գնան պատերազմի գոտի»,- հայտարարեց ցույցի մասնակիցը:


Աղբյուրը՝ jnews.ge
