ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հուլիսի 8-ին գումարել է արտահերթ նիստ:

Քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի և Կորյուն Մկրտչյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որը լրացումներ է նախատեսում «Տեղական ինքնակառավարման մասին», «Առևտրի ծառայությունների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` նախաձեռնության նպատակն է օրենսդրորեն սահմանել տրանսպորտային միջոցների վաճառքի համար նախատեսվող վայրերն ու դրանց ներկայացվող պահանջները: Առաջարկվում է համայնքի ղեկավարի աջակցությամբ հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող այն վայրերը, որտեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցի վաճառքը, ինչպես նաև սահմանել այդ վայրի վճարի չափը: Առաջարկվում է նաև սահմանել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, եթե վաճառքի ենթակա տրանսպորտային միջոցը կայանված է չնախատեսված վայրում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծերի փաթեթին:
Լուսանկարները՝ parliament.am
Նյութի աղբյուր՝ parliament.am
