«Հայաստան-Ինժեներական շաբաթ-2020»

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Սույն թվականի հուլիսի 6-10-ը առցանց ձևաչափով անցկացվում է «Հայաստան-Ինժեներական շաբաթ- 2020» խորագիրը կրող 3-րդ ամենամյա միջոցառումը,որը կազմակերպվել և իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Միջոցառման բացմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանը: Նախարարը նշել է,որ նմանատիպ միջոցառումները հայաստանյան տնտեսությանը մեծ նպաստ են բերում և վերածվում նոր ալիքի:

«Ցանկանում եմ բարձրաձայնել որոշ ցուցանիշներ, որոնք պատկերացում կտան հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումների մասին: 2019 թվականը հատուկ տարի էր. Հայաստանում անցկացվեցին մի շարք կարևորագույն միջոցառումներ, հիմնադրվեց ՀՀ ԲՏԱ նախարարությունը, ինչը առաջնահերթություն էր Հայաստանի նման տեխնոլոգիական լուրջ զարգացում ունեցող երկրի համար։ Ոլորտում, որտեղ ավելի քան 16000 մարդ է ներգրավված, գրանցվեց շրջանառության շուրջ 30% աճ։ Հայաստանում զարգացում են ապրում ինչպես ծառայություններ մատուցող, այնպես էլ բազմաթիվ պրոդուկտներ ստեղծող ընկերություններ և համաշխարհային ճանաչում ունեցող հաջողված ստարտափներ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Հատկանշական է, որ միջոցառմանը ներգրավված են մասնակիցներ ինչպես Հայաստանից,այնպես էլ սփյուռքից և աշխարհի տարբեր երկրներից: Ճիշտ է, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից մայրաքաղաք Երևանը բավականին մեծ դեր ու կշիռ ունի համաշխարհային ասպարեզում, սակայն այս միջոցառումը ևս մեծ նպաստ  կբերի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի ճանաչման գործում:

«Սա հնարավորություն է միջազգային մակարդակով ևս մեկ անգամ խոսելու Հայաստանում առկա գիտական ներուժի մասին»,- նշել է «Ինժեներական ասոցիացիայի» տնօրեն Վարդան Ալեքսանյանը՝ միջոցառումը համարելով մեծ հնարավորություն ցուցադրելու Հայաստանում ստեղծված տեխնոլոգիական լուծումները։

«Հայաստան — Ինժեներական շաբաթ 2020»-ի նպատակն է ցուցադրել Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումները, ներկայացնել նախագծեր և լուծումներ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, անլար հաղորդակցությունը, ռադիոհաճախականությունը, արդյունաբերական IOT-ն, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, մշակող արդյունաբերությունը, ինչպես նաև՝ փնտրել համագործակցության հնարավորություններ աշխարհի ինժեներական և գիտական այլ կառույցների և նախաձեռնությունների հետ, հաստատել կապեր ու գործակցություն:

Պետք է նշել նաև,որ միջոցառումը հնարավորություն է ընձեռնում նաև գործընթացին ներգրավվել հայաստանյան գիտահետազոտական այնպիսի կենտրոնների, ինչպիսիք են  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Լուսանկարները՝ hti.am

Նյութի աղբյուրը՝ hti.am

Այլ Գրառումներ