ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվել է «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը.

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ստորագրել են «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը։

Համաձայնագրով նախատեսվում է տրամադրել 400 մլն. ճապոնական իեն (շուրջ 3.8 մլն. ԱՄՆ դոլար) դրամաշնորհ՝ Հայաստանի առողջապահության համակարգը բժշկական արդի սարքավորումներով և շտապ օգնության մեքենաներով հագեցնելու նպատակով։ Մասնավորապես՝ աջակցության շրջանակներում նախատեսվում է բժշկական արդի ՄՌՏ սարքավորումների ձեռքբերում, ինչը մեծապես կօգնի տարբեր հիվանդությունների ախտորոշման մակարդակը և հասանելիությունը երկրում բարձրացնելու հարցում, ինչպես նաև շտապ օգնության՝ 4 WD տեսակի մեքենաների հագեցում՝ հատկապես երկրի դժվարամատչելի վայրերում բնակչության շտապ բուժօգնությունն ապահովելու նպատակով:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել COVID-19 համավարակից տուժած գործընկեր երկրների առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը։ Դրամաշնորհի չափը որոշվել է՝ հաշվի առնելով նաև նախկինում իրականացված ծրագրերի դրական գնահատականը։

Նյութի աղբյուրը՝ minfin.am

Այլ Գրառումներ