ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ մի քանի պարզաբանում ներկայացնելով խնդրո առարկա դարձած հրթիռների ձեռք բերման ու ընթացակարգերի մասին: Հայտարաությունը ներկայացնում ենք ստորև.
1. Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման եւ պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց եւ ոչ ավելին:
2. Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել:
3. Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որեւէ կերպ չի ապացուցվել:
4. ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում:
5. ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են):
6. Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից եւ գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան:
7. Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ:
Նաև նշվում է, որ Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձեւով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին եւ դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց:
Հիշեցնենք՝ Տոնոյանն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։ Դատարանի՝ հունվարի 24-ին կայացրած որոշմամբ, մերժվել է Տոնոյանին՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը և վերջինս կշարունակի մնալ կալանքի տակ:
Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան:
Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար: